Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Մարդն ուզում է տիեզերքի մեջ նոր տիեզերք ստեղծել

Մարդն ուզում է տիեզերքի մեջ նոր տիեզերք ստեղծել
27.02.2024 | 13:17

Սուպերմարկետից դուրս եկա, տաքսի պատվիրեցի, սպասում եմ, որ գա։ Մի նիհար, բոյով մարդ՝ խառը մազերով, քրքրված կոշիկներով ու ճմրթված շորերով, մոտենում էր սրան-նրան ու ասում՝ մի հատ ժպտա՛, էլի, մի հատ ժպտա՛, էլի... Մարդիկ խույս էին տալիս, անցնում-գնում էին, բայց հետո ժպտում էին։ Լավ չէին ժպտում, ծաղրանքով էին ժպտում, բայց ժպտում էին։ Կողքս կանգնած մարդն ասաց՝ էս կողմերի գիժն ա։

Դե, հա՛, երևում է։ Իսկ դու գիժ չե՞ս։ Իսկ ե՞ս։ Ո՞ր մեկս գիժ չի։ Մարդը գժության տեսակ է։ Չէ՛, եկեք մտածենք, է՛լի։ Ի՞նչ դեր է կատարում էն ուղեղը, որով մենք տենց հպարտանում ենք։ Դա նորմալ է՞։

Ուղեղն ընդամենը օրգանիզմի գործունեությունը կառավարելու համար է ստեղծվել։ Ծառն ուղեղ չունի, որովհետև հողին կպած է։ Նրան պետք էլ չի, ծառի ուղեղը Երկիր մոլորակն է, որը կարգավորում է նրա ամբողջ կենսագործունեությունը, սնում է, պաշտպանում։ Իսկ հողից կտրված կենդանին պիտի՞ մի կերպ կարողանա դա անել՝ կառավարել իր օրգանիզմի աշխատանքը, պաշտպանվել, ուտելիք հայթայթել։ Դրա համար էլ բնությունը կենդանուն տարբեր օրգաններ է տվել, որ ամեն մի կենդանի մի փոքր Երկիր մոլորակ ունենա իր մեջ: Թոքեր է տվել, որ կառավարեն թթվածնի ելումուտը, սիրտ, որ կառավարի արյան շրջանառությունը, ստամոքս, որ կառավարի սնունդը, երիկամներ, որ տակը չիշիկ չանի, ու վերջապես՝ ուղեղ, որ կառավարի էդ բոլորի աշխատանքը։

Բայց մարդու ուղեղը հսկողությունից դուրս է եկել ու սկսել է ուրիշ բաների մասին մտածել։ Ո՜վ գիտի, երևի ինչ-որ պահ է եղել, երբ շատ դժվար է եղել գոյատևելը, և ուղեղը սկսել է տենդագին մտածել, ելքեր փնտրել։ Դրանից մեծացել է։ Հետո մարդը հաղթահարել է դժվարությունները, լավ ժամանակներ են եկել, և ուղեղը պարապ է մնացել։ Ի՜նչ անի։ Հենց էդ օրվանից էլ նա պատերազմ է հայտարարել Երկիր մոլորակին՝ իր չնչին ստեղծագործական կարողություններով դուրս է ելել Մեծ ստեղծագործողի դեմ։ Դա խելագարություն է։ Հա՛, բանականությունը խելագարության տեսակ է՝ ուղեղի դեֆորմացված, խաթարված ֆունկցիա։ ՈՒ էդ ֆունկցիայով մարդն ուզում է տիեզերքի մեջ նոր տիեզերք ստեղծել՝ վերարտադրել տիեզերքը։

Մարդը հենց իր խելագարությունն է։ Մարդիկ խելագարությամբ են իրարից տարբերվում։ Բուժի՛ր մարդուն իր խելագարությունից ու կստանաս հասարակության առողջ, թեթև մտածող միավոր, որին իր նման մյուս միավորից տարբերելն ավելի դժվար է, քան ճաշի մեջ լողացող բրնձի մի հատիկը՝ մյուսից։

Դրա համար էլ, երբ գիժը փողոցում մոտենում է ու ասում՝ մի հատ ժպտա՛, էլի..., պետք է ժպտալ ու լավ ժպտալ՝ առանց ծաղրանքի։ Որովհետև նա քեզնից պակաս գիժ չի։ Բոլորս ենք գիժ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3889

Մեկնաբանություններ